Ազգային գրադարանային շաբաթ. կիթառ, երգ, վալս եւ…. Ազնավուր
Արեւմտյան կրթական մշակույթից թերեւս ամենից շատ սա ենք սիրում. քոլեջների, համալսարանների ուսանողները անկաշկանդ, առանց բարդույթների նկարում-երգում-նվագում-մանրապատումներ են ներկայացնում: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ հրաշալի ձայն ունենան, որ վիրտուոզ դաշնակահար լինեն: Պարտադիր չէ: Եւ վալս պարելիս էլ կարող են համաչափ չլինել: Կարեւոր ը երիտասարդների ինքնադրսեւորման ազատությունն է, խանդավառությունն ու առօրյան գեղեցիկով անմոռաց դարձնելու կամքը: Միշտ այս վիճակն է պակասել մեզ: Հիմա ունենք՝ թանձրացական ու առինքնող:
Գիտական գրադարանն այսօր «ազնավուրացվել» էր Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաների շնորհիվ, որոնք Մարիամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ հրաշալի պատկեր էին կերտել: Հայ հանճարի չխամրող եւ չխունացող դիմագիծը: Եւ արտիստիկ էին, եւ ձայնեղ, եւ հմայիչ, եւ հուզված…
Ակնթարթ թվաց: Շնորհակալ հանդիսատեսը մի պահ անանց արժեքներով, գանձերով ապրելու հնարավորություն ունեցավ, կենցաղից ու գետնից վեր:
Հանդիսության կազմակերպիչների ու մասնակիցների աշխատանքը բարձր գնահատեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ու քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը:
Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նկատեց, թե Ազնավուրը, Կառվարենցը, Վեռնոյը, Գառզուն… վկայությունն են այն բանի, որ որեւէ դժվարություն հաղթահարելի է եւ նպատակները կարող են իրականանալ, եթե ուժ ու կամք ունես դրանք հաղթահարելու:
Այս աստղաբույլը պետք է վարակիչ օրինակ դառնա խելացի, օժտված, բանիմաց երիտասարդների սլացքի համար: