Հանդիպման վայրը՝ գրադարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանում հոկտեմբերի 7-ին, Գրադարանավարի օրվա կապակցությամբ, տեղի ունեցան միջոցառումներ: Միջոցառումները մեկնարկեցին 10:00 մամուլի սրահում, որտեղ մասնագիտական տոնի կապակցությամբ գրադարանավարներին շնորհավորելու էին եկել պրոռեկտորներ Պ. Էֆենդյանը, Ս. Դավեյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Ա. Աղաբաբյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ:
Հնչեցին բարեմաղթանքի և շնորհավորանքի անսպառ խոսքեր, հատուկ գրադարանավարներին նվիրված բանաստեղծություններ ու երաժշտական կատարումներ: Տոնի գեղարվեստական մասն ապահովեց ՀԱԱՀ-ի երաժշտական անսամբլը՝ Անահիտ Մուղնեցյանի ղեկավարությամբ: ՀԱԱՀ արհեստակցական կազմակերպությունը, ծաղիկներ նվիրեց գրադարանավարներին:
Այնուհետև տեղի ունեցավ Հարություն Մխիթարյանի «Ընդհանուր և անօրգանական քիմիա» գրքի շնորհանդեսը:«Հ.Հ. Մխիթարյանի «Ընդհանուր և անօրգանական քիմիա» դասագիրքը նախատեսված է ՀԱԱՀ ուսանողների համար, հեղինակի բազմամյա քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը դժբախտաբար լույս է տեսնում նրա մահվանից հետո», - նշեց գրքի խմբագիր Օ. Քամալյանը և ավելացրեց,- ներկայումս առկա գրքերի շարքում բացակայում են հատկապես անօրգանական քիմիային նվիրված առանձին դասագրքեր, իսկ եղած դասագրքերից և ուսումնական ձեռնարկներից ոչ մեկը նախատեսված չէ գյուղատնտեսական և կենսաբանական ուղղվածությամբ սովորողների համար: Այդ բացը լրացնելուն է միտված այս դասագրքի հրապարակումը:
Դասագրքում ներկայացված են ընդհանուր քիմիայի հիմնական բաժինները և տարրերի քիմիան: Հատուկ ուշադրություն է դարձված քիմիական տարրերի և դրանց միակցությունների բժշկա-կենսաբանական և գյուղատնտեսական նշանակությանը վերաբերող հարցերին: