Գրադարանավարի օրը՝ ՀԱԱՀ-ում
Այսօր Հայաստանի գրադարանավարների օրն է: Արդեն 10 տարի է (2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ)՝ հանրապե-տությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»:Մեր բուհում շատ կարևոր այս մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է հավուր պատշաճի: Այս տարի էլ բացառություն չէր:
Մասնագիտական տոնի կապակցությամբ գրադարան էին եկել ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Վ. Աբրահամյանը, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Ա. Աղաբաբյանը, դասախոսներն ու ուսանողները:
«Թեև հասարակության մի մասը հեռացել է գրադարանից, բայց գրադարանը միշտ մնում է իր բարձունքին: Գրադարանն այն տեղն է, որտեղ մարդը բարոյական և հոգեկան հանգստություն է ստանում: Սա և´եկեղեցի է, և´գիտության պալատ, ով ինչքան կարող է պետք է վերցնի այդ օվկիանոսից»,- շնորհավորական խոսքում նշեց ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը:
Երկարամյա անբասիր աշխատանքի և գրադարանի օրվա կապակցությամբ ՀԱԱՀ-ի ներքոհիշյալ աշխատակիցները պարգևատրվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Պատվոգրով»: Պատվոգրերը հանձնեց ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը:
Բադալյան Նարինե Ռուբենի - ՏՏ և ԻԾ կենտրոնի գիտական գրադարանի սպասարկման բաժնի գրադարանավար
Բանգոյան Յուղաբեր Օմարի - ՏՏ և ԻԾ կենտրոնի գիտական գրադարանի համալրման և մշակման բաժնի գրադարանավար
Ավետիսյան Կարինե Սամվելի - ՏՏ և ԻԾ կենտրոնի գիտական գրադարանի գրապահոցների սեկտորի գրադարանավար:
ՀԱԱՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Վ. Աբրահամյանը նույնպես երկարամյա անբասիր աշխատանքի և հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց գրադարանավարներին, և նրանցից Նարինե Բադալյանին, Անահիտ Մելտոնյանին և Աննա Օհանջանյանին հանձնեց պատվոգրեր: Վ. Աբրահամյանը գրադարանավարներին նվիրեց նաև թատրոնի տոմսեր: