• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՀԱԱՀ-ի գրադարանն ու գրադարանային գործի նվիրյալները

2004թ.-ից ի վեր hոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Գրադարանն այն օջախն է, որտեղ ամբարված են մարդկության հանճարների ստեղծած հոգու և մտքի գանձերը, այս իմաստով ամենահարուստ աշխարհը թերևս հենց գրադարանավարի աշխարհն է… ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը մի հնամյա ամրոց է հիշեցնում՝

գրքի ու գիտելիքի ամրոց, որը չնայած 86-ամյա պատկառելի տարիքին՝ այսօր էլ շարունակում է քայլել ժամանակի պահանջներին համընթաց՝ պահպանելով սերտ կապը երիտասարդ սերնդի հետ: ՀԱԱՀ-ի՝ 1931թ.-ին կազմավորված, ընդամենը երկու պահարան գիրք և 122 ընթերցող գրադարանն այսօր ունի ավելի քան 4423 ընթերցող, որից 2194-ը գրանցված են նաև գրադանի էլեկտրոնային համակարգում: ՀԱԱՀ-ի գրադարանի գրքային ֆոնդն այսօր կազմում շուրջ 570100 գիրք, որից 423191-ն՝ արդեն գրանցված է էլեկտրոնային գրացուցակում, իսկ ավելի քան 1030-ը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:

Բուհի գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի միակ գրադարարանն է, ուստի ՀԱԱՀ-ի library.anau.am էլէկետրոնային գրադարանից օգտվում են ոչ միայն բուհի դասախոսներ և ուսանողներ: Էլեկտրոնային գրադարանի այցելուների թիվը տարեկան հասնում է շուրջ 380900-ի: ՀԱԱՀ-ի գրադարանը ՀՀ-ում առաջին բուհական գրադարանն է, որ 2013թ.-ից ի վեր կիրառում է գրադարանային «Կոհա» ծրագիրը և ներկայումս ներդնում է իր հարուստ փորձը հանրապետության բուհական այլ գրադարաններում: 86-ամյա գրադարանի ամենահին գիրքը 150 տարեկան է՝ թվագրված է 1859թ.: Նրա կողքին «ապրում ու մեծանում են» նոր գրքեր, ամսագրեր, թերթեր, օրենսգրքեր ու ատենախոսություններ՝ բոլորը կոկիկ ու խնամքով դասավորված իրենց տեղերում: Հին գրքերի ամենօրյա խնամք ու պահպանում, նոր գրքերի ձեռքբերում, համակարգում, քարտագրում ու տեղավորում, ընթերցողների սպասարկում, գրքային ֆոնդերի համալրում և թվայնացում, էլէկտրոնային գրքերի ու գրացուցակների ստեղծում… Առաջին հայացքից չնկատվող, բայց հսկայածավալ աշխատանք, որն անձնվիրաբար իրականացնում են ՀԱԱՀ գիտական գրադարանի 31 աշխատակիցները:
Աշխատանք, որն այսօր առավել քան արդիական է, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ցավոք, նվազում է սերն ընթերցանության նկատմամբ, ուստի այսօր առավել կարևորվում է գրադարանավարի գործը՝ հայ ընթերցողի մեջ վառ պահելու սերն առ գիրքն ու գրականությունը, ընթերցողին գրքերի տիեզերական աշխարհում ճիշտ ուղղորդելու պատասխանատվությունը: ՀԱԱՀ-ի գրադարանը հայ գրքի խորհուրդը պահող այն օջախներից է, որն այսօր պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները, պահպանում ոչ միայն գրադարանային համակարգի լավագույն ավանդույթները, այլև կիրառում գրադարանային գործի ժամանակակից ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցաբերում ստեղծագործական մոտեցում աշխատանքի նկատմամբ: Այս առումով բուհի գրադարանը միայն գրքի ամրոց չէ, այլև շատ ուսանողների հետ համագործակցության արդյունքում՝ նաև ժամանցի կազմակերպման կենտրոն, գրադարանավարի, ընթերցողի և հեղինակի միջև երկխոսության միջավայր: Անշուշտ, այս ամենն իրական չէր լինի, եթե ՀԱԱՀ-ի գրադարանի աշխատակիցները չլինեին իրենց գործի իսկական նվիրյալները և Գրադարանավարի օրը սոսկ առիթ է՝ ևս մեկ անգամ արժևորելու նրանց անխոնջ աշխատանքն ու ասելու շնորհակալություն:

ՀԱԱՀ-ի ուսանողները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, շնորհավորելով գիտական գրադարանի հարգարժան աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ, մաղթում են աշխատանքային անսպառ ուժ ու եռանդ և բազում հաջողություններ վեհ ու շնորհակալ աշխատանքում: Սիրելի՛ գրադարանավարներ, եղե՛ք առողջ ու անհոգ, և թո՛ղ որ ձեր մշտական ուղեկիցները լինեն Հույսը, Հավատը, Սերն ու Նվիրվածությունն՝ առ ձեր վսեմ առաքելությունը: