• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebooktwiter

Վեպ՝ նվիրված Հայոց եղեռնին

images-stories-norutunner-IMG_2228_Small-180x120Սրտառուչ, մտերմիկ-հարազատ ու գողտրիկ մի ցերեկույթի վերածվեց Արմեն Մարգարյանի «Կարապետ» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ գրադարանի մամուլի սրահում: Միջոցառմանը ներկա էին պրոռեկտորները, դեկանները, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, գրադարանի կոլեկտիվը և ուսանողներ:

Շնորհանդեսը ներածական խոսքով բացեց համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի տնօրեն Վ. Մելքոնյանը: Նա, խոսելով «Կարապետ» վեպի կարևորության մասին, շեշտեց նաև այս միջոցառման նշանակությունը, որպես անցնող տարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվողներից վերջինի: Գրքի մասին ընդարձակ մեկնաբանություն տվեց Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Ա. Գլջյանը: Արմեն Մարգարյանի «Կարապետ» վեպը գրված է օրագրի տեսքով, այն 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության հանդեպ իրագործած ցեղասպանության և տեղահանության մասին է: Վեպի հիմքում Արմեն Մարգարյանի պապի՝ Կարապետ Դեմիրյանի հիշողություններն են: Մարդ, ով ապրել է այդ տարիների ողջ ողբերգությունը՝ հարազատ Մեծ Նոր Գյուղ բնակավայրից հասնելով մինչև սիրիական անապատները, և փրկվել է հրաշքով՝ ճանապարհին կորցնելով բոլոր հարազատներին: Վեպը Արմեն Մարգարյանի քրտնաջան աշխատանքի արգասիքն է: Հեղինակը պարբերաբար որպես զբոսաշրջիկ եղել է Արևմտյան Հայաստանում, կտրել-անցել է պապի՝ բռնի տեղահանման ճանապարհներով, որպեսզի քաջատեղյակ լինի բոլոր մանրամասներին: Վեպն ընդգրկում է ականատեսների՝ Կարապետի, նրա հարազատների, նրա շրջապատի մարդկանց՝ հողի աշխատավորների դժոխային ապրումներն ու ողբերգությունները 1915 թվականի օգոստոսի 15-ից մինչև 1918 թվականի հոկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածը: Պարոն Գլջյանը, խոսելով վեպի մասին, կարևորեց այն հանգամանքը, որ վեպն ունի փաստագրական արժեք, ունի ուսուցողական, հայրենասիրական նշանակություն, քանզի հեղինակն ինքն է օրինակ ծառայում՝ վեպը դարձնելով մի ուրույն կոթող ի հիշատակ իր պապի: Ի դեպ ասենք, որ վեպի հեղինակի հայրը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, վաստակաշատ պրոֆեսոր Լևոն Մարգարյանն է: Նա շատ համառոտ և համեստորեն պատմեց որդու՝ «Կարապետ» վեպի ստեղծման գաղափարի մասին: Վեպի մասին իր տպավորությունները ներկաների հետ կիսեց նաև «Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը: Նա խոսեց Արմեն Մարգարյանի վեպի մի կարևոր առանձնահատկության՝ ցեղասպանությունների դեմ մշակույթով պայքարելու գաղափարի մասին: Գրքի շուրջ իրենց տպավորություններից խոսեցին և հեղինակի մասին դրվատանքի խոսքեր ասացին Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի պրոֆեսոր, Ստեփան Մարգարյանը, պրոռեկտոր Պ. Էֆենդյանը, Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ Ա. Եսոյանը, Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Տ. Պապոյանը, Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ Ա. Խաչատրյանը, Ֆինանսներ և վարկի ամբիոնի վարիչ Ա. Բայադյանը, Ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր Կ. Գրիգորյանը, գիտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Շ. Գրիգորյանը, գրադարանի վարիչի տեղակալ Հ. Ադամյանը: Ավելացնենք, որ գրքի հեղինակը մեր համալսարանի շրջանավարտ է: Շնորհանդես-ցերեկույթն ավարտվեց Վ. Մելքոնյանի՝ մասնակիցներին և գրքի հեղինակին ուղղված շնորհակալական խոսքերով: